Եթե պահանջվում է ստախոս, պատեպատ մեկ ընկեք, առանց այլևայլության զանգահարեք «Էֆ նեթ» ՍՊԸ-ի 57-16-16, 011-57-16-16, 065-16-16 հեռախոսահամարներով և լսեք օձը բնից հանող անուշալեզու աղջնակների։ Նրանց հաճելի ձայնի տեմբրը, կիրթ-գրագետ խոսելաոճը, անգամ կռահվող հայեցի պահվածքը... քո զայրալի տոնով բողոքիդ արձագանքող սերիալային ներողությունների շարքը ստեղծում են տպավորություն, որ հեռախոսազրուցակիցներդ ընտրվել են խստաբարո ժյուրիի կաստինգի արդյունքում, այնուհետև անցել հատուկ դասընթացներ, թե աճպարարությամբ ով ավելի կդյութի։ ՈՒ սկսում ես երկմտել` գուցե շտապեցի դժգոհություն հայտնել։ Մանավանդ, որ վստահեցնում են` մենք ձեզ անպայման կպատասխանենք։ Բայց... արդյունքում դու մնում ես խաբված` տաշտակի առաջ։
Անցնենք ամենասկզբին, բուն բովանդակությանը։ Հուլիսի 9-ին ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքել վերը նշված կազմակերպության հետ` ի դեմս տնօրեն Գևորգ Ենգիբարյանի, այն մասին, որ Օպերատորը պարտավոր է Բաժանորդին մատուցել հեռուստաալիքներից բաղկացած ծառայություն` 13 ամիս ժամկետով, մինչև 3 հեռուստացույց միացնելու հնարավորությամբ։ Եվ շահագրգիռ առաջարկով. առաջին ամիսը օգտվում ես անվճար։
Ի տարբերություն աղջիկների, պատրաստակամ, խոսքի տեր երեք երիտասարդներ ներկայացան ժամանակին և լարերի անցկացման, ապարատի տեղադրման աշխատանքներն ու փորձարկումները կատարեցին հավուր պատշաճի։ Չանցած 3 օր, սկսվեց առաջին հայացքից ստեղծված հաճելի տպավորության փլուզումը։ Կեսօրին մոտ սարքը ֆիքսեց ազդանշանի խախտում, և զրկվեցինք հեռուստացույց նայելուց։ Զանգահարեցինք։ Լսվեց հուսադրող պատասխան` մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ` կգան նշված հասցեով։ Սպասեցինք 1 օր, 2 օր, 5 օր։ Զանգահարեցինք 1 անգամ, 2 անգամ, 5 անգամ։ ՈՒ հարմարվեցինք. լուրեր լսելու աղբյուրը ընտանիքիս համար դարձավ մեր շենքի զրուցարանում նարդի խաղացող Ծուռվիզ Սաքոն։
Ստախոսության կուլմինացիան տեղի ունեցավ հուլիսի 17-ին, երբ 060-65-16-16 հեռախոսահամարից մեզ արդեն քաջածանոթ ձայնը չափից ավելի ներողություն խնդրելով արտաբերեց. «Մոտ է աշխատանքային օրվա ավարտը, դժվար թե մասնագետը հիմա հասցնի, բայց դուք տանը եղեք, վաղը մինչև ժամը 13-ը անպայման կգա»։ Անցած-գնացած օրերի նման, հուլիսի 18-ն էլ խաղաղ անցավ` առանց վթարի վերացման։ Իսկ ավետվածը... ներսումս էր։
Համբերության բաժակը լցվածիս որոշումը վերջնական էր. պայմանագիրը լուծելուց առաջ երևույթը քննարկել «Էֆ նեթ» ՍՊԸ-ի ղեկավարության հետ։ Նույն ստախոսը` անպատասխանատվությունը կոծկելու նպատակով պատճառաբանեց զբաղվածությունը, այնուհետև խոստացավ` Ձեզ անպայման կզանգեն, հետն էլ «լուսավորեց» բաժանորդիս. «Եթե դուք ուզում եք պայմանագիրը ժամկետից շուտ խզեք, պարտավոր եք այցելել մեր գրասենյակ, դիմում գրել, որից հետո վճարել 20000 ՀՀ դրամ, որպես հրաժարագիր»։
Սա արդեն լկտիության և կատարյալ անգրագիտության գագաթնակետն էր։ Նման խորհուրդ տվողը` հանուն իրենց ֆիրմայի, անկարող եղավ ընկալելու, որ պայմանագրի լուծումը հետևանք է իրենց անգործության. մեկ շաբաթվա ընթացքում ոչ միայն վթարի վերացման փորձ չեն արել, այլև խոստումնազանցությամբ ինձ պատճառել են բարոյական վնաս` զրկել հեռուստացույց նայելու հնարավորությունից, մի քանի օրով գամել տանը` խախտել աշխատանքային ռեժիմս։ Գուցե ստախոսության հիմքում պայմանագրի թիվ 1.1.1. կետն է, որտեղ սևով սպիտակի վրա գրված է` ակցիա. բաժանորդն առաջին ամիսն օգտվում է անվճար։ Փաստորեն, «հաճելին օգտակարի» հետ արդեն շաբաթից ավելի վայելում եմ։ Իսկ քանի՜ քանիսն են ինձ նման հավատացել «Էֆ նեթ» ՍՊԸ-ին ու նրա «համբավը» դիվանագիտական ստախոսությամբ պաշտպանող քաղցրալեզու աղջնակներին։ Այս դեպքում օպերատո՞րն է բաժանորդից 20000 դրամ պահանջելու, թե՞ բաժանորդն է առայժմ օպարետորից տույժ-տուգանք պահանջելու, իսկ անհամաձայնության դեպքում դատարան դիմելու։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Այն, ինչ չէին կատարում օրեր շարունակ, կազմակերպության երիտասարդ ինժեներներ Խաչիկն ու Վահեն կապի և ազդանշանային սարքի վերականգնողական աշխատանքներն իրականացրին կես ժամում, երկու օր առաջ` հայտն ընդունելուց անմիջապես հետո։
Պարզվեց, որ «Էֆ նեթ» ՍՊԸ-ի ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված չէ ոչ մասնագետների պահանջով, ոչ էլ նրանց խիստ զբաղվածությամբ, այլ բաժանորդի դիմում-դժգոհությունները քնած դշխուհու պես տեղեկացնելով։
Մնաց ճշտելու ընդամենը մեկ հարց. Օպերատորը երբվանի՞ց է հաշվարկելու անվճար օգտվելու մեկ ամսվա սկիզբը` պայմանագրի կնքումի՞ց (հուլիսի 9), թե անսարքության վերացման օրվանից (հուլիսի 26)։